DWV

Գերմանական տնտեսական միավորումը տոնում է իր հիմնադրման 10-րդ տարին

Ապրիլի 16-ին Գերմանական տնտեսական միավորումը (DWV) Հայաստանում նշեց իր հիմնադրման 10-ամյակը՝ ամփոփելով գերմանա-հայկական գործարար հարաբերությունների զարգացմանը, գործընկերությունների ամրապնդմանը և երկկողմ գործարար համայնքի ձևավորմանն ուղղված մեկ տասնամյակի գործունեությունը։ Հոբելյանական միջոցառումը համախմբել էր DWV-ի անդամներին Հայաստանից և Գերմանիայից, ինչպես նաև միջազգային և տեղական գործընկերներին՝ միասին անդրադառնալու կազմակերպության անցած ճանապարհին և ձեռքբերումներին։ Միջոցառման ընթացքում ելույթներով հանդես եկան ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանը, Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Կլաուդիա Բուշը, Գերմանիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ենգիբարյանը (տեսաուղերձով), ինչպես նաև Գերմանիայի Տնտեսության Արևելյան Բիզնես Ասոցիացիայի Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն Ալյոնա Ակուլիչը։ Բանախոսները կարևորեցին Գերմանական տնտեսական միավորման դերը հայ-գերմանական տնտեսական կապերի ամրապնդման, գործարար համագործակցության ընդլայնման և երկու երկրների միջև նոր կապերի ձևավորման գործում։ Նրանք անդրադարձան նաև հայ-գերմանական հարաբերությունների ներկա վիճակին և զարգացման հեռանկարներին՝ ընդգծելով հետագա տնտեսական համագործակցության մեծ ներուժը։ Գերմանական տնտեսական միավորումն իր երախտագիտությունն է հայտնում բոլոր գործընկերներին և հովանավորներին, որոնց աջակցությամբ հնարավոր դարձավ միջոցառման հաջող իրականացումը։ Ոսկե հովանավորներ՝ Optima Trade, Alfa Pharm, TeamViewer Armenia, Codeex, Berlin Optic, Bacon Products, United Technical Service, Yerevan-Audit Consult, Gyumri Beer, Ri Trend (Outfit AM), Gourmet Lab։ Արծաթե հովանավորներ՝ SCHNEIDER GROUP Armenia, Gebrüder Weiss Armenia, Megafood Armenia և Սերգեյ Բրուտյան։ 

Be My Guest միջոցառումը ԳՏՄ անդամ «Գրին Ռոք» ընկերությունում

Ապրիլի 10-ին Գերմանական տնտեսական միավորումն իր անդամների հետ միասին մեկնեց Դիլիջան՝ մասնակցելու արդեն իսկ ավանդույթ դարձած Be My Guest միջոցառմանը, որն այս անգամ հյուրընկալում էր ԳՏՄ անդամ «Գրին Ռոք» ընկերությունը։ Հանդիպմանը ողջույնի խոսքով հանդես եկան «Գրին Ռոք» ընկերության գործադիր տնօրեն Կատերինա Դանեկինան, ԳՏՄ վարչական խորհրդի նախագահ Արտաշես Մարգարյանն ու ԳՏՄ գործադիր տնօրեն Մերի Նավասարդյանը։  Միջոցառման ընթացքում «Գրին Ռոքը» ներկայացրեց Դիլիջանում իրականացվող իր ծրագրերն ու զարգացման տեսլականը՝ անդրադառնալով քաղաքի կայուն զարգացմանը, զբոսաշրջության խթանմանը և ներդրումային գրավչության բարձրացմանը միտված նախաձեռնություններին։ Մասնակիցները ծանոթացան նաև ընկերության առաջնահերթություններին և ապագա ծրագրերին, ինչպես նաև Դիլիջանում ժամանակակից ենթակառուցվածքների զարգացման և նոր տնտեսական հնարավորությունների ստեղծման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին։ Ծրագիրը շարունակվեց շրջայցով, որի ընթացքում հյուրերը ծանոթացան շինարարական աշխատանքների ընթացքին և իրականացվող նախագծերի ծավալներին։ 

Վեբինար “Get Ready for Hannover Messe”

Մարտի 13-ին կայացավ «Get Ready for Hannover Messe» խորագրով վեբինարը, որի նպատակն էր աջակցել ընկերություններին արդյունավետ նախապատրաստվել աշխարհի խոշորագույն արդյունաբերական ցուցահանդեսներից մեկին՝ Hannover Messe 2026-ին։ Վեբինարի ընթացքում մասնակիցներին ներկայացվեց ցուցահանդեսի պատմությունը, հիմնական ուղղությունները, նախապատրաստական կարևոր քայլերը, ուղեկցող միջոցառումները, գործնական քայլերը, ինչպես նաև նեթվորքինգի և նոր հաճախորդների ներգրավման արդյունավետ ռազմավարությունները։ Հատուկ շնորհակալություն ենք հայտնում մեր փորձագետ բանախոսներին՝դոկտոր Վերոնիկա Լյուբկեին և Աննա Քլոզեին հետաքրքիր և գործնական տեղեկատվության համար։ Դոկտոր Վերոնիկա Լյուբկեն 2006 թվականից զբաղվում է միջազգային բիզնեսի զարգացման ոլորտով՝ մասնագիտանալով Արևելյան Եվրոպայի, Կենտրոնական Եվրոպայի և Կովկասի շուկաներում։ Նա հանդիսանում է Բեռլինում գործող Bridge-One-Seven GmbH ընկերության հիմնադիրն ու գործադիր տնօրենը։ Աննա Քլոզեն BCE Business Connect Executives-ի համահիմնադիրն է, ունի ավելի քան 16 տարվա փորձ նախագծերի կառավարման և բիզնեսի զարգացման ոլորտում՝ աջակցելով միջազգային ընկերություններին մուտք գործել գերմանական և եվրոպական շուկաներ։

ԳՏՄ անդամների տարեկան ժողով

Փետրվարի 26-ին տեղի ունեցավ Գերմանական տնտեսական միավորման ամենակարևոր միջոցառումներից մեկը՝ ԳՏՄ անդամների տարեկան ժողովը։ Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ Գերմանական տնտեսական միավորման վարչական խորհրդի նախագահ՝ պարոն Արտաշես Մարգարյանը։ Իր ելույթի ընթացքում պարոն Մարգարյանը խոսեց միավորման գալիք տարիների նպատակների և առաջնահերթությունների մասին։ Միջոցառմանը ելույթ ունեցավ նաև Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության փոխդեսպան պարոն Լարս Հեննիգը։ Պարոն Հեննիգը խոսեց հայ-գերմանական տնտեսական և քաղաքական հարաբերությունների զարգացման, ինչպես նաև համագործակցության հեռանկարների մասին։ Հաշվետու զեկույցով հանդես եկավ նաև ԳՏՄ գործադիր տնօրեն տիկին Մերի Նավասարդյանը, որը ներկաներին ներկայացրեց 2025 թվականի ձեռքբերումները, իրականացված միջոցառումները և կարևոր համագործակցությունները, ինչպես նաև 2026 թվականին ակնկալվող կարևոր իրադարձությունները։ Կարճ ելույթով հանդես եկավ նաև ԳՏՄ գործընկեր՝ Berlin Economics-ի վերլուծաբան Դմիտրի Չերվյակովը, որը մասնակիցներին ներկայացրեց վերջին վերլուծությունների արդյունքները։ Միջոցառումը ուղեկցվեց ակտիվ քննարկումներով և հարց-պատասխանով, ինչը ապահովեց անմիջական երկխոսություն մասնակիցների միջև։

Be My Guest «Վիտրոմեդ» բժշկական կենտրոնում

Փետրվարի 13-ին Գերմանական տնտեսական միավորումը իր անդամների հետ միասին այցելեց «Վիտրոմեդ» բժշկական կենտրոն։ Բժշկական կենտրոնի տնօրեն պարոն Հակոբ Մելիքյանը մասնակիցների համար կազմակերպեց շրջայց և ներկայացրեց բժշկական կենտրոնի պատմությունը, մատուցվող ծառայությունները, ինչպես նաև առանձնահատուկ շեշտվեց Գերմանիայի Լյուբեկի համալսարանական կլինիկայի հետ առկա համագործակցությունը։ Ներկաների համար կազմակերպվեց շրջայց, որի ընթացքում ծանոթացանք կենտրոնի հարմարություններին, սարքավորումներին և վիրահատական սրահներին։ Շրջայցից հետո՝ հյուրասիրության ներքո, մասնակիցները շարունակեցին հետաքրքիր զրույցներն ու քննարկումները։  

Be My Guest Մետրոշինում

Հունվարի 22-ին Գերմանական տնտեսական միավորումն այցելեց «Մետրոշին» շինարարական ընկերություն։ Միավորման ներկայացուցիչների և անդամ ընկերությունների համար կազմակերպվել էր շրջայց, ինչպես նաև պրեզենտացիա, որի ընթացքում ներկայացվեցին միավորման պատմությունը, արդեն իրականացված ծրագրերը, ինչպես նաև տեսլականն ու առաքելությունը։ Այցի ընթացքում մեր և «Մետրոշին» ընկերության գործադիր տնօրենի կողմից կնքվեց համագործակցության պայմանագիր, որի արդյունքում ընկերությունը պաշտոնապես անդամակցեց Գերմանական տնտեսական միավորմանը։ Միջոցառման պաշտոնական հատվածից հետո մասնակիցների համար նախատեսված էր հյուրասիրություն, որի ընթացքում ներկաները շարունակեցին իրենց շփումները ոչ պաշտոնական միջավայրում։

Հանդիպում «Գրին Ռոք» ընկերությունում

Հունվարի 14-ին տեղի ունեցավ հանդիպում Գերմանական տնտեսական միավորման վարչական խորհրդի նախագահ Արտաշես Մարգարյանի և «Գրին Ռոք» ընկերության գործադիր տնօրեն Կատերինա Դանեկինայի միջև։ Հանդիպմանը ներկա էին նաև ԳՏՄ ծրագրերի համակարգող Շուշաննա Թադևոսյանը և «Գրին Ռոք» ընկերության կառավարության և արտաքին կապերի ղեկավար Նարե Հարոյանը։ Հանդիպման ընթացքում խոսվեց երկու կառույցների գործունեության մասին, ինչպես նաև քննարկվեցին հնարավոր համագործակցության հեռանկարները։ Հանդիպման շրջանակում կնքվեց համագործակցության պայմանագիր, որի արդյունքում «Գրին Ռոք» ընկերությունը պաշտոնապես համալրեց Գերմանական տնտեսական միավորման անդամների շարքը։

Գերմանական տնտեսական միավորման ամանորյա նեթվորքինգ հանդիպում

Դեկտեմբերի 19-ին տեղի ունեցավ Գերմանական տնտեսական միավորման ամանորյա նեթվորքինգ միջոցառումը։ Ինչպես ամեն տարի, այս տարի ևս միջոցառմանը հրավիրված էին միավորման անդամ-կազմակերպությունների ներկայացուցիչներն ու միավորման տեղի և միջազգային գործընկերները։ Միջոցառման ընթացքում ողջույնի խոսքով ելույթ ունեցան Գերմանիայի փոխդեսպան և միևնույն ժամանակ ԳՏՄ խորհրդատվական մարմնի անդամ Լարս Հենիգն ու ԳՏՄ վարչական խորհրդի նախագահ Արտաշես Մարգարյանը։ Կարճ ելույթով հանդես եկավ նաև ԳՏՄ գործադիր տնօրեն տիկին Մերի Նավասարդյանը։ Իր ելույթի ընթացքում տիկին Նավասարդյանը զեկուցեց միավորման 2025 թվականի ծավալած գործունեության, միջոցառումների, կատարված կարևոր ծրագրերի և համագործակցությունների մասին։ Միավորման նոր անդամները նույնպես հնարավորություն ունեցան հակիրճ ներկայանալու և միավորման անդամներին ներկայացնելու իրենց ընկերությունը։ Միջոցառումը շարունակվեց ջերմ մթնոլորտում՝ ապահովելով հարթակ նոր շփումների, հետաքրքիր քննարկումների և նոր համագործակցությունների համար:

«Միջազգային արբիտրաժ, արտահանման և ներմուծման պայմանագրեր, ինչպես նաև օտարերկրյա ներդրումների պաշտպանություն» խորագրով

Դեկտեմբերի 5-ին և 6-ին տեղի ունեցավ «Միջազգային արբիտրաժ, արտահանման և ներմուծման պայմանագրեր, ինչպես նաև օտարերկրյա ներդրումների պաշտպանություն» համաժողովը, որը կազմակերպվել էր Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) և Գերմանական տնտեսական միավորման (DWV) կողմից: Համաժողովի ընթացքում Գերմանիայից ժամանած փորձագետների կողմից ներկայացվեցին զեկույցներ իրավական ոլորտում հետևյալ թեմաների շուրջ՝ վեճերի լուծում, արտահանման և ներմուծման պայմանագրեր, ներդրումների պաշտպանություն և շրջանակային պայմաններ։ Միջոցառմանը հրավիրված էին Գերմանական տնտեսական միավորման անդամներ, ՀՀ արդարադատության նախարարության, ՀՀ փաստաբանների պալատի, ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի ներկայացուցիչներ։ Համաժողովը վարում էր Գերմանական տնտեսական միավորման տնօրեն Մերի Նավասարդյանը։

Հայկական շինարարական ընկերությունների պատվիրակության այցը Գերմանիա

Նոյեմբերի 11–ից 15-ը Bayern International-ի «Bayern Fit for Partnership» ծրագրի շրջանակում հայկական շինարարական ընկերություններից կազմված պատվիրակությունը՝ Գերմանական տնտեսական միավորման գործադիր տնօրեն Մերի Նավասարդյանի ղեկավարությամբ, այցելեց Բավարիա՝ ծանոթանալու շինարարական ոլորտի առաջատար բավարական ընկերությունների գործունեությանն ու արտադրանքին։ Պատվիրակությունը բաղկացած էր ավելի քան 20 մասնակիցներից, որոնք ներկայացնում էին Հայաստանի Հանրապետության առաջատար շինարարական ընկերությունները։ Այցի ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան այցելելու գերմանական մի շարք հեղինակավոր ընկերություններ, այդ թվում՝ Liebherr, Peri, Meiller, Wacker Neuson, Metawell, STEICO, KLB Kötztal, Sommer Informatik և Rohde։ Այցը հնարավորություն ընձեռեց ծանոթանալու շինարարության ոլորտի առաջատար տեխնոլոգիաներին և նորարարական լուծումներին, գերմանական փորձին, փոխանակելու նոր գաղափարներ և ստեղծելու նոր առևտրային հարաբերություններ երկու երկրների միջև։