DWV

Հոկտեմբերի 10-ից 14-ը Գերմանական տնտեսական միավորման ղեկավարմամբ հայաստանյան պատվիրակությունը Bayern fit for Partnership 2022 -Լարային և կսմիթային գործիքների արտադրություն, Բավարիա -Հայաստան ծրագրի շրջանակներում այցելեց մեծ հռչակ վայելող բավարական արտադրամասեր, որոնք մասնագիտացված են լարային և կսմիթային երաժշտական գործիքների արտադրությամբ։ Պաշտոնական այցեր կատարվեցին Մյունխեն, Միթենվալդ, Բայրոյթ, Բուբենրոյթ և Բամբերգ քաղաքներում տեղակայված ջութակի և դաշնամուրի խոշոր արտադրամասեր, ինչպես նաև լարային և կսմիթային գործիքների բնօրրանը համարվող պատմամշակութային կարևոր նշանակություն ունեցող վայրեր։

Այցի նպատակն էր խթանել հայ-բավարական տնտեսական հարաբերությունների զարգացմանը և կայուն համագործակցության տեսլականի իրագործմանը։

Ջութակի, ալտի, թավջութակի, կոնտրաբասի և վերջիններիս համար նախատեսված աղեղների արտադրությամբ մասնագիտացված Leonhardt, Pöellmann, Feichtl & Gooch, Günther H. Lobe, Dörfler, Josef Teller և Erben ընկերությունների և արտադրամասերի ղեկավարները կիսվեցին լարային նվագարանների ստեղծման իրենց բազմամյա վարպետական փորձով և պատվիրակության անդամներին հնարավություն ընձեռեցին տեղում փորձարկել և գնահատել արտադրանքը։

Հատկանշական էին այցերը դաշնամուրի արտադրությամբ համաշխարհային հռչակ վայելող , Steingraeber & Söhne և Neupert J.C. ընկերություններ, որտեղ պատվիրակության անդամները ծանոթացան հնագույն նախատիպ ունեցող կլավեսինների, կլավիկորդների և դաշնամուրի այլ տեսակների արտադրությանը և վերանորոգման ընթացակարգին։

Պատվիրակությունը առանձին այցեր ունեցավ Գարմիշ -Փարթենքիրխեն համայնքի երաժշտական դպրոցում և Գրայֆենբերգի հատուկ մասնագիտացված հետազոտական կենտրոնում։ Վերջինս իր տեսակի մեջ եզակի կառույց է, որը զբաղվում է հնագույն ստեղնաշարային գործիքների վերանորոգմամբ` հիմնվելով բնօրինակը ճշգրտությամբ վերարտադրելու նորարարական մեթոդների վրա։

Պատվիրակության անդամներին հնարավորություն ընձեռնվեց նաև այցելել Գերմանական ազգային թանգարանում ներկայացված Մյունխենյան ջութակի օրեր հատուկ ցուցադրությանը, որի ժամանակ երաժիշտները ծանոթացան լարային նվագարան արտադրող շուրջ 30 վարպետների աշխատանքներին։

Այցն ամփոփվեց Բավարիայի էկոնոմիկայի, տարածաշրջանային զարգացման և էներգետիկայի նախարարության Եվրոպայի և տոնավաճառների հարցով զբաղվող բաժանմունքի ղեկավար Արմին Շվիմբեքի կողմից հանդիսավոր ընդունելությամբ և հավաստագրերի պատվավոր հանձնման արարողությամբ։ Արմին Շվիմբեքը կարևոր նմանատիպ նախագծերի դերն ու արժեքը Բավարիա-Հայաստան տնտեսական կապերի զարգացման գործում, ինչպես նաև ուրախությամբ հաղորդեց վերջին մեկ տարվա ընթացքում երկու կողմերի միջև արտաքին առևտրում գրանցած ցուցանիշների դրական աճի մասին։

Գերմանական տնտեսական միավորման գործադիր տնօրեն, BFP-հայկական պատվիրակության ղեկավար Մերի Նավասարդյանն իր շնորհակալական խոսքն ուղղեց պարոն Շվիմբեքին, Bayern International կազմակերպության ծրագրերի համակարգող Սոֆիա Գութեքունսթին, Բավարիայի արհեստագործական միջազգային կազմակերպության ղեկավար տիկին Էդիթ Բյոմին և Dega — Expoteam -ի ղեկավար պարոն Գյունթեր Էնդերսին ընձեռած հնարավորության և արդյունավետ համագործակցության համար համար և կարևորեց նմանօրինակ ծրագրերի դերը կլաստերային ռազմավարության հաջողության հասնելու խթանելու համատեքստում։