DWV

Ապրիլի 19-ին տեղի ունեցավ «Դուալ կրթություն / աշխատաշուկա․ առկա իրավիճակը և հեռանկարները» խորագրով միջոցառումը։ Միջոցառումն իրականացվեց Գերմանական տնտեսական միավորման նախաձեռնությամբ՝ Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի, GIZ-ի և ՀՀ ԿԳՄՍ նախարարության հետ համատեղ։

Միջոցառմանը ներկա էին և ելույթներով հանդես եկան ՀՀ-ում ԳԴՀ դեսպան Ն․Գ․ Վիկտոր Ռիխտերը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, ինչպես նաև Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի «Քաղաքական երկխոսություն Հարավային Կովկաս» տարածաշրջանային ծրագրի տնօրեն դր․ Թոմաս Շրապելը /հեռավար/։

ԳԴՀ դեսպան Վիկտոր Ռիխտերն իր խոսքում շեշտեց, որ Գերմանիայում դուալ համակարգն, իրավամբ, շատ զարգացած է: Ըստ նրա այդ համակարգն օգնել է հաղթահարել Գերմանիայի տնտեսության ճգնաժամերը և հիմք հանդիսացել դրա հետագա զարգացման համար: Նա գոհունակություն է հայտնել, որ հայ գործընկերներն օգտվում են հենց գերմանական փորձից՝ այդ ոլորտում ՀՀ կառավարության հետ հետագա ակտիվ համագործակցության պատրաստակամություն հայտնելով:

Քննարկմանն առցանց միացած «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի «Քաղաքական երկխոսություն. Հարավային Կովկաս» տարածաշրջանային ծրագրի տնօրեն Թոմաս Շրապելն իր հերթին նշեց, որ դուալ համակարգը հաջողությամբ իրականացվում է ամբողջ աշխարհում և վերահաստատեց դեսպանի այն պնդումը, որ Գերմանիայում այն հաջող մոդել է ստեղծել: Թոմաս Շրապելի խոսքով՝ Հայաստանը դասվում է այն երկրների շարքին, որոնք բավականին առաջընթաց են արձանագրել այդ ուղղությամբ:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը ողջունելով հանդիպման մասնակիցներին ևս նշեց, որ կրթությունը պետք է կարողանա բավարարել տնտեսության զարգացման կարիքները և արձագանքել դրա փոփոխություններին: Ըստ փոխնախարարի՝ Կառավարության ծրագրում ամրագրվել է նաև կարևոր թիրախ, որը սահմանում է ՄԿՈՒ հաստատությունների կառավարման նոր մոդելների փորձարկման անհրաժեշտությունը՝ ընդհուպ մինչև մասնավորի կողմից և մասնավորի հետ կառավարման մոդելներ:

Միջոցառման ընթացքում DWV անդամները՝ որպես մասնավոր սեկտորի ներկայացուցիչներ, քննարկեցին և շեշտադրեցին դուալ կրթության կարևորությունը աշխատուժի պակասը լրացնելու և շուկայի պահանջները բավարարելու հարցում։ Իսկ Կոմպատեր, Օվնե և Շեն Հոլդինգ ընկերությունների ներկայացուցիչները կիսվեցին դուալ կրթության ներգրավվածության իրենց փորձով։

Գերմանիայի միջազգային համագործակցության ներկայացուցիչ Յուլիա Ստակյանը ներկայացրեց TVET ծրագիրը, բերեց 2017-2021թթ․ վիճակագրական տվյալներ և ներկայացրեց հետագա քայլերը ՀՀ-ում դուալ կրթության զարգացման համար։

ՀՀ ԿԳՄՍ նախարարության մասնագիտական կրթության և ուսուցման քաղաքականության մշակման և ռազմավարության բաժնի պետ Արմենուհի Պողոսյանը ևս մեկ անգամ շեշտեց դուալ ուսուցման ներդրման առաջնահերթությունը ՀՀ կառավարության համար։

«Գերմանական տնտեսական միավորում» ՀԿ-ի գործադիր տնօրեն Մերի Նավասարդյանը նշեց, որ այս հանդիպումը «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի հետ իրականացվող արդեն երրորդ միջոցառումն է, որի ընթացքում քննարկվում են կրթության և աշխատաշուկայի զարգացման հարցերը: