DWV

Կոնրադ Ադենաուեր հիմնադրամը Գերմանա-հայկական ֆորումի հետ համատեղ 2022թ. նախաձեռնել էր հայ֊գերմանական դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակին նվիրված գրքի հրատարակում։ Մայիսի 12֊13-ին Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի և Գերմանա-հայկական ֆորումի կազմակերպած միջոցառման շրջանակներում սույն գիրքը ներկայացվեց լայն հանրությանը։ Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկան ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի նախագահի տեղակալ Պրոֆ․ Դր․ Բիթե Նոյսը, Հայ-գերմանական ֆորումի նախագահ, Բունդեսթագի պատգամավոր Թիլ Մանսմանը /տեսաուղերձ/, Հայ-գերմանական ֆորումի փոխնախագահ, պատվավոր դոկտոր (Հայաստանի ճարտարապետա-շինարարական ազգային համալսարան) Ալբերտ Վայլերը և ՀՀ-ում Գերմանիայի դեսպան Ն․ Գ․ Վիկտոր Ռիխտերը։ Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի «Քաղաքական երկխոսություն Հարավային Կովկաս» տարածաշրջանային ծրագրի ղեկավար Շտեֆան Մալերիուսը ներկայացրեց զեկույց «Հայաստանը և ԵՄ-ն․ ի՞նչ դեր կարող է ունենալ Գերմանիան» խորագրով։ Միջոցառմանը մասնակցեցին նաև Գերմանական տնտեսական միավորումն ու միավորման որոշ անդամ-կազմակերպություններ։

Միջոցառման ընթացքում նախատեսված էին պանելային քննարկումներ, որոնցից մեկը նվիրված էր հայ-գերմանական հարաբերությունների տնտեսական ուղղվածությանը։ Վերջինիս ընթացքում ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը, Արևելյան բիզնես հանձնաժողովի Արևելյան Եվրոպայի հարցերով տարածաշրջանային տնօրեն Շտեֆան Քեգեբայնը և ՀՊՏՀ Ինֆորմատիկայի և վիճակագրական ֆակուլտետի դեկան Սոս Խաչիկյանը խոսեցին երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունների, ներկա կարգավիճակի և հեռանկարների մասին։