Ինչպես նախորդ տարի, այս տարի ևս Գերմանական տնտեսական միավորումը մասնակցեց Երևանի Գյոթե կենտրոնում անցկացվող «Մասնագիտական կողմնորոշման օր» միջոցառմանը, որի ընթացքում աշակերտները, ուսանողներն ու ծնողները ծանոթացան Գերմանիայում ուսանելու, աշխատելու հնարավորություններին, հնարավոր կրթաթոշակային ծրագրերին, ինչպես նաև գերմաներենի իմացությամբ Հայաստանում աշխատելու հեռանկարներին: Գերմանական տնտեսական միավորման երեք ամդամները՝ „CMX Solutions“ ընկերությունը, «Հայասա Հոսպիտալիտի Գրուպն» ու Ինգո Կուսերովը ներկաներին ծանոթացրեցին հյուրընկալության, հաճախորդների սպասարկման և Գերմանիայում բժշկության ոլորտում աշխատանքի հնարավորություններին:
Շնորհակալ ենք մեր անդամ-կազմակերպություններին միջոցառմանը ելույթով հանդես գալու և աշխատանքային հնարավորությունները մասնակիցներին ներկայացնելու համար: Միջոցառմանը ելույթ ունեցավ նաև Էրազմուս Պլյուսը, իսկ առանձին տաղավարով մասնակցեցին և ներկաների հարցերին պատասխանեցին նաև այլ գերմանական ընկերություններ, ինչպիսիք են Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայությունը (DAAD), Հայաստանում Գերմանիայի դեսպանությունը, Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամը, Գերմաներեն լեզվի կենտրոնը, Արտասահմանյան դպրոցների հարցերով կենտրոնակայանը (ZfA), Խնայդրամարկղային բանկերի հիմնադրամը միջազգային համագործակցության համար (Sparkassenstiftung für internationale Kooperation) և այլն։