
Հոկտեմբերի 7-ին Գերմանական տնտեսական միավորման անդամ «Զանգակ» գրատունը կազմակերպել էր նեթվորքինգ միջոցառում միավորման անդամների համար։ Միջոցառման առաջին հատվածում մասնակիցների համար կազմակերպվեց շրջայց, որի ընթացքում մենք ծանոթացանք միավորման անդամ՝ «Զանգակ» գրատան, «Զանգակ» հրատարակչության, «Տաթև գիտակրթական համալիրի»՝ «Մանանա» և «Յունիվերս» ուսումնական կենտրոնների պատմությանը, գործունեությանն ու առաքելությանը, ինչպես նաև ականատես եղանք գրքի ստեղծման տարբեր փուլերին՝ հնարավորություն ունենալով տեսնել տպագրման ողջ ընթացքը։ Մասնակիցներն անչափ հետաքրքիր զրույցներ ունեցան ընկերության հիմնադիրների հետ, որի ընթացքում քննարկվեցին կրթության ոլորտին և նոր դասագրքերին վերաբերող թեմաներ։
Զրույցները շարունակվեցին հյուրասիրության ներքո «Զանգակ» գրատանը, որտեղ մասնակիցները հնարավորություն ունեցան համտեսելու «Մանանա» կենտրոնի ուսանողների պատրաստած համեղ ուտեստները։