DWV

Մարտի 16-ին Գերմանական տնտեսական միավորման նախաձեռնությամբ տեղի ունեցավ միջոցառում «Հայ-Գերմանական տնտեսական հարաբերությունները ԵՄ փոխգործակցության շրջանակում» խորագրով։ Միջոցառումը վարում էր Գերմանական տնտեսական միավորման գործադիր տնօրեն Մերի Նավասարդյանը։ Միջոցառման ընթացքում քննարկվեցին Հայաստանի և Գերմանիայի տնտեսական վիճակն ու երկու երկրների միջև համագործակցությունը։ ԳՏՄ գործադիր տնօրեն տիկին Նավասարդյանի ողջույնի խոսքից հետո ելութ ունեցավ Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության փոխդեսպան Էրիկ Թինտրուպը, ով խոսեց երկու երկրների միջև քաղաքական և տնտեսական իրավիճակի, ինչպես նաև համագործակցության մասին։ Հաջորդ բանախոսը՝ ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Արտակ Մանուկյանը, ներկայացրեց ուշագրավ վիճակագրական տվյալներ ՀՀ տնտեսական աճի վերաբերյալ, ինչպես նաև խոսեց վերջինիս հիմքերի և հնարավոր հետևանքների մասին։ KfW բանկի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ տիկին Զառա Չատինյանը իր ելույթի ընթացքում խոսեց գերմանական ֆինանսական համագործակցության, ԵՄ ներդրումների, կատարված խոշոր ծրագրերի, ինչպես նաև գալիք պրոեկտների մասին։

 

Միջոցառմանը ելույթ ունեցավ նաև Գերմանիայում ՀՀ լիազոր դեսպան Վիկտոր Ենգիբարյանը։ Դեսպանը ներկայացրեց հայ֊գերմանական տնտեսական, քաղաքական հարաբերությունների առկա վիճակը, ընդլայնման միտումները և զարգացման հնարավորությունները։ Տնտեսական համագործակցությանը նոր թափ հաղորդելու նպատակով դեսպանը կարևորեց հայ-գերմանական գործարար նոր համաժողով կազմակերպելու հնարավորությունը:

Ելույթների շարքն ամփոփեց Սոս Խաչիկյանը, ով ներկայացրեց հայ-գերմանական տնտեսական քաղաքականության արդիականացման հեռանկարները թվային փոխակերխումների համատեքստում։ Միջոցառման վերջում ներկաները հնարավորություն ունեցան իրենց հարցերն ուղղելու բանախոսներին։