DWV

Thuringia International-ի (LEG Thüringen) և Գերմանական տնտեսության արևելյան հանձնաժողովի (Ostausschuss der deutschen Wirtschaft) նախաձեռնությամբ, ինչպես նաև Commit Project Partners GmbH-ի և Գերմանական տնտեսական միավորման հետ սերտորեն համագործակցության արդյունքում, մայիսի 27-ին և 28-ին Գերմանիայից Հայաստան էր ժամանել տարբեր գերմանական ընկերություններից բաղկացած պատվիրակություն, որը գլխավորվում էր Thuringia International-ի տնօրեն Շտեֆան Բլեխշմիդտի կողմից։ Այցի նպատակը Հայաստանին, հայկական շուկային ծանոթանալն ու նոր գործընկերային հարաբերություններ ստեղծելն էր։

Մայիսի 27-ին պատվիրակության օրակարգը մեկնարկեց տնտեսական բրիֆինգով, որի ընթացքում գերմանական ընկերությունները ստացան կարևոր տեղեկատվություն Հայաստանի տնտեսական վիճակի, ներդրումային դաշտի և առկա հնարավորությունների մասին։ Ելույթներով հանդես եկան Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության փոխդեսպան Էրիկ Թինտրուպը, Գերմանական տնտեսական միավորման գործադիր տնօրեն Մերի Նավասարդյանը, միավորման վարչական խորհրդի նախագահ Արտաշես Մարգարյանը, GIZ ներկայացուցիչներն ու Enterpirse Armenia-ի գործընկերները։

Բրիֆինգից հետո գերմանական ընեկերությունների համար կազմակերպվել էին անհատական այցեր դեպի իրենց ոլորտին համապատասխան ընկերություններ, որոնց ցանկում էին այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են՝ Սպայկան, Շտիգենը, Ցեպպելին Արմենիան, Անտարես Հոլդինգն ու Բեսթ Լայֆ բժշկական կենտրոնը։

Ընկերություններ այցերի հետ զուգահեռ պատվիրակության որոշ ներկայացուցիչներ, Գերմանական տնտեսական միավորման գործադիր տնօրեն Մերի Նավասարդյանի ուղեկցությամբ, այցելեցին ՀՀ Ներքին գործերի նախարարություն, Կենտրոնական Բանկ և ՀՀ Կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարարություն։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում պատվիրակությանը ընդունեց նախարար Ժաննա Անդրեասյանը։ Նախարարը ողջունեց պատվիրակությանը՝ կարևորելով Հայաստանի և Գերմանիայի միջև սերտ համագործակցությունը տարբեր ուղղություններով և վստահություն հայտնեց պատվիրակության հայաստանյան այցի շրջանակում համագործակցության նոր ծրագրեր և պայմանավորվածություններ արձանագրելու վերաբերյալ:

Պաշտոնական այցերը ամփոփվեցին ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունում հանդիպմամբ, որտեղ պատվիրակության բոլոր անդամներին, գերմանական ընկերությունների ներկայացուցիչներին ընդունեց ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:

Հանդիպման ընթացքում Գևորգ Պապոյանը համառոտ ներկայացրեց Հայաստանի տնտեսության ներկա վիճակը, ոլորտում իրականացվող պետական քաղաքականությունը, երկրում ստեղծված բարենպաստ ներդրումային միջավայրը, ինչպես նաև ընկերություններին տրամադրվող աջակցության գործիքակազմը։

Քննարկվեցին համագործակցության հնարավոր ճյուղերն ու հայ-գերմանական բիզնես ֆոռում անցկացնելու հնարավորությունը։ Նախարարը գերմանական ընկերություններին առաջարկեց դիտարկել Հայաստանում իրենց բիզնեսը սկսելու հնարավորությունը:

Հանդիպումը շարունակվեց հարց ու պատասխան ձևաչափով։

Ներկայացվեց նաև «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը և դրա իրականացմամբ նախատեսվող հնարավորությունները։

Մայիսի 27-ին նախատեսված ծրագիրն ամփոփվեց նեթվորքինգ ընթրիքով, որին հրավիրված էին նաև հայկական տարբեր ընկերություններից ներկայացուցիչներ։