DWV

Հայկական շինարարական ընկերությունների պատվիրակության այցը Գերմանիա

Նոյեմբերի 11–ից 15-ը Bayern International-ի «Bayern Fit for Partnership» ծրագրի շրջանակում հայկական շինարարական ընկերություններից կազմված պատվիրակությունը՝ Գերմանական տնտեսական միավորման գործադիր տնօրեն Մերի Նավասարդյանի ղեկավարությամբ, այցելեց Բավարիա՝ ծանոթանալու շինարարական ոլորտի առաջատար բավարական ընկերությունների գործունեությանն ու արտադրանքին։ Պատվիրակությունը բաղկացած էր ավելի քան 20 մասնակիցներից, որոնք ներկայացնում էին Հայաստանի Հանրապետության առաջատար շինարարական ընկերությունները։ Այցի ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան այցելելու գերմանական մի շարք հեղինակավոր ընկերություններ, այդ թվում՝ Liebherr, Peri, Meiller, Wacker Neuson, Metawell, STEICO, KLB Kötztal, Sommer Informatik և Rohde։ Այցը հնարավորություն ընձեռեց ծանոթանալու շինարարության ոլորտի առաջատար տեխնոլոգիաներին և նորարարական լուծումներին, գերմանական փորձին, փոխանակելու նոր գաղափարներ և ստեղծելու նոր առևտրային հարաբերություններ երկու երկրների միջև։

EuroNest խորհրդարանական վեհաժողով՝ «Armenia–EU Synergy: Advancing Resilience, Innovation, and Integration» թեմայով

Հոկտեմբերի 29-ին Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցավ EuroNest խորհրդարանական վեհաժողովը՝ «Armenia–EU Synergy: Advancing Resilience, Innovation, and Integration» թեմայով, որը կազմակերպվել էր Գերմանիայի Տնտեսության արևելյան հանձնաժողովի, Եվրոպական խորհրդարանի և Եվրոպական բիզնես ասոցիացիայի կողմից։ Միջոցառմանը մասնակցեցին նաև Գերմանական տնտեսական միավորումն ու միավորման մի քանի անդամներ։ Եվրոպական խորհրդարանի, Հայաստանի կառավարության, ԵՄ պատվիրակության և Եվրոպայից, Հայաստանից և տարածաշրջանից առաջատար ընկերությունների ներկայացուցիչները քննարկեցին այնպիսի թեմաներ, ինչպիսիք են՝ ներդրումների խթանումը, նորարարությունը, թվային փոխակերպումը, կիբեռանվտանգությունը և ԵՄ–Հայաստան համագործակցության խորացումը։ Մասնակիցների թվում էին նաև Սերգեյ Լագոդինսկին՝ «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի համանախագահ, Ալյոնա Ակուլիչը՝ Գերմանիայի տնտեսական արևելյան հանձնաժողովի Արևելյան Եվրոպայի տարածաշրջանի ղեկավար, և Հայաստանում ԳԴՀ արտակարգ և լիազոր դեսպան տիկին Կլաուդիա Բուշը։

«ՀՀ ՏՏ ոլորտի մոնիթորինգ և տնտեսական կանխատեսումներ»

Հոկտեմբերի 16-ին տեղի ունեցավ «ՀՀ ՏՏ ոլորտի մոնիթորինգ և տնտեսական կանխատեսումներ» խորագրով միջոցառումը, որը Գերմանական տնտեսական միավորումը կազմակերպել էր իր անդամների համար։ Միջոցառման ընթացքում Գերմանական տնտեսական միավորման գործընկեր Berlin Economics-ի վերլուծաբան Դմիտրի Չերվիակովը մասնակիցներին ներկայացրեց վերջին ամիսների կատարած վերլուծության արդյունքները ՀՀ տնտեսության, ինչպես նաև տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտից։ Հանդիպմանը ելույթ ունեցավ նաև Գերմանական տնտեսության արևելյան հանձնաժողովի Արևելյան Եվրոպայի երկրների տարածաշրջանային ղեկավար Ալյոնա Ակուլիչը, որն այցով առաջին անգամ էր գտնվում Հայաստանում։ Իր ելույթի ընթացքում տիկին Ակուլիչը խոսեց իրենց ասոցիացիայի գործունեության մասին, ինչպես նաև մասնակիցների ներկայացրեց ասոցիացիային անդամակցող գերմանական ընկերությունների հետաքրքրության դաշտերն ու համագործակցության ոլորտները Հայաստանում։

Նեթվորքինգ միջոցառում «Զանգակում»

Հոկտեմբերի 7-ին Գերմանական տնտեսական միավորման անդամ «Զանգակ» գրատունը կազմակերպել էր նեթվորքինգ միջոցառում միավորման անդամների համար։ Միջոցառման առաջին հատվածում մասնակիցների համար կազմակերպվեց շրջայց, որի ընթացքում մենք ծանոթացանք միավորման անդամ՝ «Զանգակ» գրատան, «Զանգակ» հրատարակչության, «Տաթև գիտակրթական համալիրի»՝ «Մանանա» և «Յունիվերս» ուսումնական կենտրոնների պատմությանը, գործունեությանն ու առաքելությանը, ինչպես նաև ականատես եղանք գրքի ստեղծման տարբեր փուլերին՝ հնարավորություն ունենալով տեսնել տպագրման ողջ ընթացքը։ Մասնակիցներն անչափ հետաքրքիր զրույցներ ունեցան ընկերության հիմնադիրների հետ, որի ընթացքում քննարկվեցին կրթության ոլորտին և նոր դասագրքերին վերաբերող թեմաներ։ Զրույցները շարունակվեցին հյուրասիրության ներքո «Զանգակ» գրատանը, որտեղ մասնակիցները հնարավորություն ունեցան համտեսելու «Մանանա» կենտրոնի ուսանողների պատրաստած համեղ ուտեստները։

Մաստեր-կլաս «Կատեգորիաների կառավարում»

Սեպտեմբերի 25-ին Գերմանական տնտեսական միավորումն իր անդամների համար կազմակերպել էր վորքշոփ «Կատեգորիաների կառավարում՝ Էֆեկտիվ բիզնեսի գրավականը ժամանակակից առևտրի ոլորտում» խորագրով։ Դասընթացը վարում էր ECR (Efficient Consumer Response) ասոցիացիայի փորձագետ Հայկանուշ Տոնոյանը։ Միջոցառման ընթացքում խոսվեց կատեգորիաների կառավարման մեթոդի, դրա առանձնահատկությունների, աշխարհի առաջատար ընկերություններում մեթոդի կիրառման և վերջինիս արդյունավետության մասին։ Քննարկվեցին գնորդի տեսակներն ու տարբեր իրավիճակներում նրանց վարքագծերը։ Տեսական գիտելիքներն ամրապնդվեցին գործնական խմբային առաջադրանքների միջոցով։

Be My Guest Առատաշեն գինու գործարանում

Սեպտեմբերի 23-ին Գերմանական տնտեսական միավորումը իր անդամների հետ միասին մեկնեց գյուղ Առատաշեն՝ այցելելու միավորման անդամ «Առատաշեն» գինու գործարան։ Միավորման անդամների համար կազմակերպվեց շրջայց խաղողի այգիներում և գործարանում, որի ընթացքում մենք ծանոթացանք ընկերության ստեղծման պատմությանը, առաքելությանն ու արտադրվող գինու տեսակներին։ Շրջայցից հետո մեզ հնարավորություն ընձեռվեց հյուրասիրության ներքո համտեսելու «Առատաշեն» ընկերության «Շունչ» կարմիր և սպիտակ գինիները, ինչպես նաև վայելելու գործարանում պահվող հնեցված գինին։ Շնորհակալություն ենք հայտնում մեր գործընկերոջը հյուրընկալության համար։ Aratashen Aratashen 1

SES ավագ փորձագետը Նոյան ընկերությունում

Գերմանական տնտեսական միավորման անդամ Նոյան ընկերությունը «Ավագ փորձագետների ծառայություն» ծրագրի շրջանակում իր մոտ էր հյուրընկալել գերմանացի փորձագետ պարոն Օտոյին։ Ծրագրի շրջանակում ընկերությունը փորձագետի հետ աշխատեց տարբեր բաղադրատոմսերի ստեղծման և բարելավման ուղղությամբ։ Ուրախ ենք արձանագրել, որ ծրագիրը բավականին արդյունավետ էր։  Նոյան ընկերությունը Հայաստանում սննդի արտադրության ոլորտում առաջատար ընկերություններից է, այն ունի 80-ից ավելի պրոդուկտ իր պորտֆոլիոյում, վայելում է բարձր համբավ ոչ միայն Հայաստանում, այլ նաև արտերկում։ Լիահույս ենք, որ շուտով արդեն բոլորս կվայելենք Նոյան ընկերության՝ SES փորձագետի հետ համագործակվության արդյունքում ստացված պրոդուկտները։ Սա հերթական կարևոր քայլն է՝ ուղղված կայուն զարգացմանը, նոր լուծումների, գերմանական փորձառության և որակի ներդրմանը հայկական ընկերություններում։

Be My Guest միջոցառում Նոյանում

Հուլիսի 8-ին Be My Guest ավանդական միջոցառումների շարքի շրջանակում Գերմանական տնտեսական միավորումն իր անդամների հետ այցելեց միավորման անդամ Նոյան գործարան։ Գործարանում մեզ համար կազմակերպեցին շրջայց՝ ներկայացնելով գործարանի պատմությունը, առաքելությունը, ծանոթացրեցին մեզ տարբեր արտադրական գործընթացներն, արտադրվող պրոդուկտների տեսականուն։ Շրջայցից հետո մենք հնարավորություն ունեցանք շարունակելու շփումները հյուրասիրության ներքո, որի ընթացքում համտեսեցինք ընկերության տարբեր ապրանքները։ Մենք հնարավորություն ունեցանք փորձելու նաև ընկերության՝ SES գերմանացի ավագ փորձագետի հետ համագործակցության արդյունքում ստեղծված նոր պրոդուկտը, որը, հուսով ենք, շուտով հասանելի կլինի հայկական շուկայում։

DWV ամառային խնջույք

Հունիսի 26-ին կայացավ Գերմանական տնտեսական միավորման ամառային խնջույքը՝ երեկո, որն անցավ ջերմ ու հաճելի մթնոլորտում։Ուրախ ենք արձանագրել, որ միջոցառմանը մասնակցեցին մեծ թվով հյուրեր, ինչը ևս մեկ անգամ վկայում է մեր անդամների և գործընկերների բարձր հետաքրքրվածության ու ներգրավվածության մասին։ Միջոցառման նպատակն էր խթանել կապերի խորացումը մեր անդամների միջև և ստեղծել նոր ծանոթությունների ու բովանդակալից զրույցների հնարավորություն։Մեր անդամ ընկերությունների ներկայացուցիչներից զատ միջոցառմանը ներկա էին նաև միավորման տեղի և միջազգային գործընկերներ։ Հատուկ շնորհակալություն ենք հայտնում Ձերդ գերազանցություն տիկին Կլաուդիա Բուշին՝ Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին, միջոցառմանը մասնակցելու և անդամների հետ ունեցած հետաքրքիր զրույցների համար։

Գերմանական տնտեսական միավորման այցը NeuroKlinik Գերմանական նյարդաբանության կենտրոն

Հունիսի 19-ին Գերմանական տնտեսական միավորումը այցելել է NeuroKlinik Գերմանական նյարդաբանության կենտրոնը։ Այցի ընթացքում մենք ծանոթացանք կլինիկայի գործունեությանն ու առաքելությանը, կլինիկայում գործող հարմարություններին, նորարական մոտեցումներին և ժամանակակից տեխնոլոգիաներին։ Կլինիկան հագեցած է նորագույն և ժամանակակից գերմանական սարքավորումներով և համապատասխանում է որակի բարձր չափանիշներին։ Գերմանական նյարդաբանական կետնորնի թիմը համալրված է Գերմանիայում կրթություն ստացած, աշխատած կամ հետազոտած բժիշկներով։ Միջոցառմանը ներկա էր նաև Հայաստանում Գերմանիայի փոխդեսպան պարոն Էրիկ Թինտրուպը։ Այցի վերջին հատվածում Գերմանական տնտեսական միավորման և NeuroKlinik-ի միջև ստորագրվեց անդամակցության հայտ։ Ուրախ ենք տեսնել նման առաջադեմ կենտրոնը մեր միավորման անդամների շարքում։