Հայ-գերմանական տնտեսական համագործակցությանն ուղղված հանդիպումների հագեցած շաբաթ

Գերմանական տնտեսական միավորման (DWV) համար անցած շաբաթը հագեցած էր հայ-գերմանական տնտեսական կապերի ամրապնդմանն ու երկկողմ համագործակցության զարգացմանն ուղղված հանդիպումներով։ Շաբաթվա ընթացքում միավորումը հյուրընկալեց գերմանացի և հայ գործընկերների ու հյուրերի, այդ թվում՝ German Agribusiness Alliance-ի (GAA) ներկայացուցիչ դոկտոր Պեր Բրոդերսենին, Deutsche Forfait AG-ի ներկայացուցիչ Գուիդո Յանցենին, հանդիպումներ ունեցավ CARD Group-ի ներկայացուցիչների, Սաքսոնիայի գործարար պատվիրակության, ինչպես նաև Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի ներկայացուցիչների հետ։ Հանդիպումների ընթացքում քննարկվեցին մասնագիտական փորձի փոխանակման, համագործակցության նոր հնարավորությունների և հայ-գերմանական տնտեսական հարաբերությունների հետագա զարգացմանն առնչվող հարցեր։ Գերմանական տնտեսական միավորումը շնորհակալություն է հայտնում բոլոր գործընկերներին բաց և բովանդակալից քննարկումների, արժեքավոր առաջարկների և հետագա համագործակցության նկատմամբ ցուցաբերած հետաքրքրության համար։
Գերմանական տնտեսական միավորումը տոնում է Օկտոբերֆեստը

Սեպտեմբերի 24-ին Գերմանական տնտեսական միավորումն իր անդամների և գործընկերների հետ միասին նշեց Օկտոբերֆեստը։ Երեկոն ընթացավ ջերմ և տոնական մթնոլորտում։ Միջոցառումը լավ հնարավորություն էր ամրապնդելու արդեն իսկ ձևավորված կապերը, հաստատելու նոր ծանոթություններ և առօրյա գործնական միջավայրից դուրս շփվելու անկաշկանդ մթնոլորտում։
Հայ-գերմանական տնտեսական հարաբերությունների ամրապնդմանն ուղղված հանդիպում

2026 թվականի սեպտեմբերի 10-ին Գերմանական տնտեսական միավորումը (DWV) հյուրընկալեց Գերմանիայի տնտեսության և էներգետիկայի դաշնային նախարարության (BMWE) ներկայացուցիչներ դոկտոր Նորբերտ Շուլտեսին և Օմար Շարիֆիին՝ միավորման վարչական խորհրդի և խորհրդատվական մարմնի անդամների հետ համատեղ հանդիպման շրջանակում։ Քննարկման ընթացքում անդրադարձ կատարվեց Հայաստանի, Գերմանիայի և Եվրոպական միության միջև հարաբերությունների ընթացիկ զարգացումներին, Հայաստանի արտաքին առևտրային կապերի դիվերսիֆիկացմանը, ինչպես նաև հայ-գերմանական տնտեսական համագործակցության հետագա խորացման հնարավորություններին։ Հայաստան կատարած այցի շրջանակում նախարարության ներկայացուցիչները հանդիպումներ ունեցան նաև Հայաստանի կառավարության ներկայացուցիչների հետ։ Գերմանական տնտեսական միավորումը կարևորում է քաղաքական և տնտեսական մակարդակներում անմիջական երկխոսությունը և շարունակելու է աջակցել նման գործընթացներին՝ ներկայացնելով իր անդամ ընկերությունների տեսակետներն ու շահերը, նպաստելով նոր համագործակցությունների ձևավորմանը և Հայաստանի ու Գերմանիայի գործարար կապերի ամրապնդմանը։
Հանդիպում Հայաստանում Գերմանիայի դեսպանի հետ

Օգոստոսի 6-ին Գերմանական տնտեսական միավորման անդամները՝ արտադրողներ և արտահանողներ, հանդիպեցին Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ձ.Գ. տիկին Կլաուդիա Բուշի հետ՝ բաց և կառուցողական քննարկման շրջանակում։ Քննարկման առանցքում էին եվրոպական նոր շուկաներ մուտք գործելու հնարավորությունները, արտահանման դիվերսիֆիկացումը, ինչպես նաև առկա լոգիստիկ մարտահրավերները։ Շնորհակալություն ենք հայտնում տիկին Բուշին քննարկման և Հայաստանի, Գերմանիայի ու Եվրոպայի միջև տնտեսական համագործակցության ամրապնդմանն ուղղված ներգրավվածության համար։ Գերմանական տնտեսական միավորումը հետագայում ևս շարունակելու է կազմակերպել նման հանդիպումներ իր անդամների մասնակցությամբ։
«Be My Guest» միջոցառումը Hayasa Hotel Old Yerevan հյուրանոցում

Հունիսի 25-ին Գերմանական տնտեսական միավորման հերթական «Be My Guest» միջոցառումը տեղի ունեցավ միավորման անդամ Hayasa Hotel Old Yerevan հյուրանոցում։ Միջոցառման ընթացքում մասնակիցները ծանոթացան հյուրանոցի հնարավորություններին, ներկայացվող ծառայություններին և սենյակների տարբեր տեսակներին։ Շրջայցի ընթացքում հյուրերը հնարավորություն ունեցան բացահայտելու հյուրանոցի յուրահատուկ միջավայրը, որտեղ հին Երևանի շունչը համադրվում է ժամանակակից հարմարավետության հետ։ Հյուրասիրության ընթացքում մասնակիցները ծանոթացան նաև Hayasa Hospitality Group-ի արդեն իրականացվող և առաջիկա ծրագրերին, ինչպես նաև հնարավորություն ունեցան շփվելու և նոր գործարար կապեր հաստատելու։ Շնորհակալություն ենք հայտնում Hayasa Hotel Old Yerevan-ի թիմին հյուրընկալության և միջոցառման կազմակերպման համար։
Հանդիպում Գերմանիայում ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանի հետ

Գերմանական տնտեսական միավորման գործադիր տնօրենը և վարչական խորհրդի անդամները ոչ պաշտոնական հանդիպում ունեցան Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Վիկտոր Ենգիբարյանի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին դեսպանության և միավորման ընթացիկ գործունեությունը, համագործակցության հնարավոր ուղղությունները, ինչպես նաև Հայաստանի և Գերմանիայի միջև տնտեսական կապերի հետագա ամրապնդման և զարգացման հեռանկարները։ Մասնակիցներն ընդգծեցին դիվանագիտական և գործարար համայնքների միջև սերտ համագործակցության կարևորությունը՝ երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացման և նոր գործընկերային հնարավորությունների ստեղծման գործում։ Գերմանական տնտեսական միավորումը շնորհակալություն է հայտնում պարոն դեսպան Վիկտոր Ենգիբարյանին բաց, կառուցողական քննարկման համար։ Վստահ ենք, որ նման հանդիպումները նպաստում են հայ-գերմանական տնտեսական համագործակցության խորացմանը և երկու երկրների միջև կայուն գործարար կապերի զարգացմանը։
ՀՀ տնտեսական մոնիթորինգ

Մայիսի 21-ին տեղի ունեցավ «ՀՀ տնտեսական մոնիթոր» խորագրով հանդիպումը, որը հատուկ կազմակերպվել էր Գերմանական տնտեսական միավորման անդամների համար։ Միջոցառման ընթացքում մեր գործընկեր Berlin Economics / German Economic Team-ի փորձագետները ներկայացրին իրենց վերջին հետազոտությունների և վերլուծությունների արդյունքները։ Քննարկվեցին մի շարք արդիական թեմաներ, այդ թվում՝ Իրանի շուրջ ռազմական զարգացումների ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա, էներգետիկ ոլորտի վերլուծության հիմնական արդյունքները, Հայաստանում գազի պահեստավորման հնարավորությունները, ինչպես նաև տնտեսական այլ կարևոր զարգացումներ։
Գերմանական տնտեսական միավորումը տոնում է իր հիմնադրման 10-րդ տարին

Ապրիլի 16-ին Գերմանական տնտեսական միավորումը (DWV) Հայաստանում նշեց իր հիմնադրման 10-ամյակը՝ ամփոփելով գերմանա-հայկական գործարար հարաբերությունների զարգացմանը, գործընկերությունների ամրապնդմանը և երկկողմ գործարար համայնքի ձևավորմանն ուղղված մեկ տասնամյակի գործունեությունը։ Հոբելյանական միջոցառումը համախմբել էր DWV-ի անդամներին Հայաստանից և Գերմանիայից, ինչպես նաև միջազգային և տեղական գործընկերներին՝ միասին անդրադառնալու կազմակերպության անցած ճանապարհին և ձեռքբերումներին։ Միջոցառման ընթացքում ելույթներով հանդես եկան ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանը, Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Կլաուդիա Բուշը, Գերմանիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ենգիբարյանը (տեսաուղերձով), ինչպես նաև Գերմանիայի Տնտեսության Արևելյան Բիզնես Ասոցիացիայի Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն Ալյոնա Ակուլիչը։ Բանախոսները կարևորեցին Գերմանական տնտեսական միավորման դերը հայ-գերմանական տնտեսական կապերի ամրապնդման, գործարար համագործակցության ընդլայնման և երկու երկրների միջև նոր կապերի ձևավորման գործում։ Նրանք անդրադարձան նաև հայ-գերմանական հարաբերությունների ներկա վիճակին և զարգացման հեռանկարներին՝ ընդգծելով հետագա տնտեսական համագործակցության մեծ ներուժը։ Գերմանական տնտեսական միավորումն իր երախտագիտությունն է հայտնում բոլոր գործընկերներին և հովանավորներին, որոնց աջակցությամբ հնարավոր դարձավ միջոցառման հաջող իրականացումը։ Ոսկե հովանավորներ՝ Optima Trade, Alfa Pharm, TeamViewer Armenia, Codeex, Berlin Optic, Bacon Products, United Technical Service, Yerevan-Audit Consult, Gyumri Beer, Ri Trend (Outfit AM), Gourmet Lab։ Արծաթե հովանավորներ՝ SCHNEIDER GROUP Armenia, Gebrüder Weiss Armenia, Megafood Armenia և Սերգեյ Բրուտյան։
Be My Guest միջոցառումը ԳՏՄ անդամ «Գրին Ռոք» ընկերությունում

Ապրիլի 10-ին Գերմանական տնտեսական միավորումն իր անդամների հետ միասին մեկնեց Դիլիջան՝ մասնակցելու արդեն իսկ ավանդույթ դարձած Be My Guest միջոցառմանը, որն այս անգամ հյուրընկալում էր ԳՏՄ անդամ «Գրին Ռոք» ընկերությունը։ Հանդիպմանը ողջույնի խոսքով հանդես եկան «Գրին Ռոք» ընկերության գործադիր տնօրեն Կատերինա Դանեկինան, ԳՏՄ վարչական խորհրդի նախագահ Արտաշես Մարգարյանն ու ԳՏՄ գործադիր տնօրեն Մերի Նավասարդյանը։ Միջոցառման ընթացքում «Գրին Ռոքը» ներկայացրեց Դիլիջանում իրականացվող իր ծրագրերն ու զարգացման տեսլականը՝ անդրադառնալով քաղաքի կայուն զարգացմանը, զբոսաշրջության խթանմանը և ներդրումային գրավչության բարձրացմանը միտված նախաձեռնություններին։ Մասնակիցները ծանոթացան նաև ընկերության առաջնահերթություններին և ապագա ծրագրերին, ինչպես նաև Դիլիջանում ժամանակակից ենթակառուցվածքների զարգացման և նոր տնտեսական հնարավորությունների ստեղծման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին։ Ծրագիրը շարունակվեց շրջայցով, որի ընթացքում հյուրերը ծանոթացան շինարարական աշխատանքների ընթացքին և իրականացվող նախագծերի ծավալներին։
Վեբինար “Get Ready for Hannover Messe”

Մարտի 13-ին կայացավ «Get Ready for Hannover Messe» խորագրով վեբինարը, որի նպատակն էր աջակցել ընկերություններին արդյունավետ նախապատրաստվել աշխարհի խոշորագույն արդյունաբերական ցուցահանդեսներից մեկին՝ Hannover Messe 2026-ին։ Վեբինարի ընթացքում մասնակիցներին ներկայացվեց ցուցահանդեսի պատմությունը, հիմնական ուղղությունները, նախապատրաստական կարևոր քայլերը, ուղեկցող միջոցառումները, գործնական քայլերը, ինչպես նաև նեթվորքինգի և նոր հաճախորդների ներգրավման արդյունավետ ռազմավարությունները։ Հատուկ շնորհակալություն ենք հայտնում մեր փորձագետ բանախոսներին՝դոկտոր Վերոնիկա Լյուբկեին և Աննա Քլոզեին հետաքրքիր և գործնական տեղեկատվության համար։ Դոկտոր Վերոնիկա Լյուբկեն 2006 թվականից զբաղվում է միջազգային բիզնեսի զարգացման ոլորտով՝ մասնագիտանալով Արևելյան Եվրոպայի, Կենտրոնական Եվրոպայի և Կովկասի շուկաներում։ Նա հանդիսանում է Բեռլինում գործող Bridge-One-Seven GmbH ընկերության հիմնադիրն ու գործադիր տնօրենը։ Աննա Քլոզեն BCE Business Connect Executives-ի համահիմնադիրն է, ունի ավելի քան 16 տարվա փորձ նախագծերի կառավարման և բիզնեսի զարգացման ոլորտում՝ աջակցելով միջազգային ընկերություններին մուտք գործել գերմանական և եվրոպական շուկաներ։