ԳՏՄ գործադիր տնօրեն Մերի Նավասարդյանը այցելել է Thermorex ընկերություն

Գերմանական տնտեսական միավորման գործադիր տնօրեն Մերի Նավասարդյանը այցելել է ԳՏՄ անդամ Thermorex ՓԲԸ։ Ընկերության հիմնադիր տնօրեն Արմեն Անտոնյանը և Եվրոպական ու ամերիկյան համագործակցության պատասխանատու Սերժ Թումանյանը ներկայացրել են ընկերության գործունեությունը՝ մասնավորապես համագործակցությունը Գերմանիայի հետ։ Thermorex-ը մասնավոր ընկերություն է, որը հիմնադրվել է 1987 թվականին: Ավելի քան 30 տարի ընկերությունը մշակում և արտադրում է բիմետալիկ թերմոստատներ և ջերմաստիճանի սահմանափակիչներ և հաջողությամբ դրանք մատակարարում բիզնեսներին ամբողջ աշխարհում: Թերմոստատներն իրենց լայն կիրառությունն ունեն կենցաղային տեխնիկայի ավտոմոբիլաների և էլեկտրոնիկայի արտադրության , ճարտարագիտության և արդյունաբերության, երկաթուղային ենթակառուցվածքների և աերոնագնացության մեջ։ Thermorex-ը այն շատ քիչ ընկերություններից մեկն է, որն արտադրում է բիմետալիկ թերմոստատներ հատուկ տեխնիկական պարամետրերով, ինչպիսիք են ջերմաստիճանի սահմանների լայն շրջանակը, բարձր ճշգրտությունը, ցածր կոնտակտային դիմադրությունը և ամուր հիստերեզը: Բիմետալիկ թերմոստատները մեծ քանակով արտահանվում են Եվրոպական երկրներ և իրենց մեծ պահանջարկն ունեն նաև Գերմանական շուկայում։ Thermorex-ի ընտրելու առավելություններ են ` Բարձր ճշգրտություն (մինչև 1%) Ցածր շփման դիմադրություն — (≤5mΩ) Սուր հիստերեզ Ջերմաստիճանի սահմանների լայն շրջանակ՝ -45°C-ից +425°C Հաճախորդների հատուկ կարիքների համար լուծումներ գտնելու մտադրություն
Դուալ կրթություն / Աշխատաշուկա․ առկա իրավիճակը և հեռանկարները

Ապրիլի 19-ին տեղի ունեցավ «Դուալ կրթություն / աշխատաշուկա․ առկա իրավիճակը և հեռանկարները» խորագրով միջոցառումը։ Միջոցառումն իրականացվեց Գերմանական տնտեսական միավորման նախաձեռնությամբ՝ Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի, GIZ-ի և ՀՀ ԿԳՄՍ նախարարության հետ համատեղ։ Միջոցառմանը ներկա էին և ելույթներով հանդես եկան ՀՀ-ում ԳԴՀ դեսպան Ն․Գ․ Վիկտոր Ռիխտերը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, ինչպես նաև Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի «Քաղաքական երկխոսություն Հարավային Կովկաս» տարածաշրջանային ծրագրի տնօրեն դր․ Թոմաս Շրապելը /հեռավար/։ ԳԴՀ դեսպան Վիկտոր Ռիխտերն իր խոսքում շեշտեց, որ Գերմանիայում դուալ համակարգն, իրավամբ, շատ զարգացած է: Ըստ նրա այդ համակարգն օգնել է հաղթահարել Գերմանիայի տնտեսության ճգնաժամերը և հիմք հանդիսացել դրա հետագա զարգացման համար: Նա գոհունակություն է հայտնել, որ հայ գործընկերներն օգտվում են հենց գերմանական փորձից՝ այդ ոլորտում ՀՀ կառավարության հետ հետագա ակտիվ համագործակցության պատրաստակամություն հայտնելով: Քննարկմանն առցանց միացած «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի «Քաղաքական երկխոսություն. Հարավային Կովկաս» տարածաշրջանային ծրագրի տնօրեն Թոմաս Շրապելն իր հերթին նշեց, որ դուալ համակարգը հաջողությամբ իրականացվում է ամբողջ աշխարհում և վերահաստատեց դեսպանի այն պնդումը, որ Գերմանիայում այն հաջող մոդել է ստեղծել: Թոմաս Շրապելի խոսքով՝ Հայաստանը դասվում է այն երկրների շարքին, որոնք բավականին առաջընթաց են արձանագրել այդ ուղղությամբ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը ողջունելով հանդիպման մասնակիցներին ևս նշեց, որ կրթությունը պետք է կարողանա բավարարել տնտեսության զարգացման կարիքները և արձագանքել դրա փոփոխություններին: Ըստ փոխնախարարի՝ Կառավարության ծրագրում ամրագրվել է նաև կարևոր թիրախ, որը սահմանում է ՄԿՈՒ հաստատությունների կառավարման նոր մոդելների փորձարկման անհրաժեշտությունը՝ ընդհուպ մինչև մասնավորի կողմից և մասնավորի հետ կառավարման մոդելներ: Միջոցառման ընթացքում DWV անդամները՝ որպես մասնավոր սեկտորի ներկայացուցիչներ, քննարկեցին և շեշտադրեցին դուալ կրթության կարևորությունը աշխատուժի պակասը լրացնելու և շուկայի պահանջները բավարարելու հարցում։ Իսկ Կոմպատեր, Օվնե և Շեն Հոլդինգ ընկերությունների ներկայացուցիչները կիսվեցին դուալ կրթության ներգրավվածության իրենց փորձով։ Գերմանիայի միջազգային համագործակցության ներկայացուցիչ Յուլիա Ստակյանը ներկայացրեց TVET ծրագիրը, բերեց 2017-2021թթ․ վիճակագրական տվյալներ և ներկայացրեց հետագա քայլերը ՀՀ-ում դուալ կրթության զարգացման համար։ ՀՀ ԿԳՄՍ նախարարության մասնագիտական կրթության և ուսուցման քաղաքականության մշակման և ռազմավարության բաժնի պետ Արմենուհի Պողոսյանը ևս մեկ անգամ շեշտեց դուալ ուսուցման ներդրման առաջնահերթությունը ՀՀ կառավարության համար։ «Գերմանական տնտեսական միավորում» ՀԿ-ի գործադիր տնօրեն Մերի Նավասարդյանը նշեց, որ այս հանդիպումը «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի հետ իրականացվող արդեն երրորդ միջոցառումն է, որի ընթացքում քննարկվում են կրթության և աշխատաշուկայի զարգացման հարցերը:
ԳՏՄ անդամների տարեկան ժողով

Փետրվարի 4-ին Ալեքսանդր հյուրանոցի Դվին սրահում տեղի ունեցավ Գերմանակա տնտեսական միավորման անդամների տարեկան ժողովը։ Ողջույնի խոսքով հանդես եկան ԳՏՄ վարչական խորհրդի նախագահ Արտաշես մարգարյանը և Հայաստանում Գերմանիայի փոխդեսպան Կլաուս վենդելբերգերը։ ՎԽ նախագահ Ա․ Մարգարյանը ներկայացրեց ժողովի օրակարգը, նշեց այս տարվա կարգախոսը (կարգախոսն էր՝ «Միասին դեպի առաջընթաց»), ինչպես նաև վերհիշեց նախորդ տարվա ժողովի եզրակացությունը, որն էր կայուն մնալ 2021 թ․։ 2020թ․ բարդ տնտեսական տարի էր՝ պայմանավորված համավարակով և պատերազմաան իրադրությամբ, այս պատճառով 2021 թ․ պետք է լիներ կայունացման տարի։ Փոխդեսպանը խոսեց 2021թ․ տնտեսական ցուցանիշների մասին, որոնք դրական համարեց՝ հաշվի առնելով աննախադեպ ինֆլացիան և հետպատերազմական շրջանը։ Փոխդեսպանը հույս հայտնեց, որ ՀՀ կառավարություն և ԿԲ-ն կկարողանան ճիշտ քաղաքականություն վարել և հաղթահարել նշված իրավիճակը։ Ելույթներից հետո ԳՏՄ գործադիր տնօրեն Մերի Նավասարդյանը ներկայացրեց տարեկան հաշվետվությունը։ Տարին մարտահրավերներով լի էր, սակայն փոքր թիմով ԳՏՄ-ն կարողացել է կազմակերպել մի շարք միջոցառումներ և ընդունել պատվիրակություններ Գերմանիայից։ Այս տարվա նորարություններից էր նաև գերմանական հիմնադրամների (KAS, IRZ, GIZ, Erasmus) հետ համատեղ կազմակերպված միջոցառումները։ Մ․ Նավասարդյանը ներկայացրեց նաև Commit GMBH ընկեության, GIZ-ի և Գերմանական տնտեսական թիմի հետ համատեղ իրականացված ծրագրերը։ Ժողովը շարունակվեց բյուջեի կատարողականի, աուդիտի և կազմակերպության առաջիկա անելիքների վերաբերյալ զեկույցներով։ ԳՏՄ վարչական խորհրդի անդման Դանիել Զուրֆլուն ներկայացրեց բյուջետային մուտքերն ըստ առանձին ենթաբաժինների և կատեգորիաների: Կարևորվեց SES-ի, GIZ-ի և մի շարք պատվիրակությունների հետ փոխշահավետ համագործակցությունը: Զեկույցի համաձայն բյուջեն, ի համեմատ նախորդ տարվա, աճել է: Թերևս որոշ առումով խոչընդոտ է հանդիսացել համաճարակային իրավիճակը. հետաձգվել են մի շարք ցուցահանդեսներ, չեղարկվել են միջոցառումներ: Առաջիկա անելիքների վերաբերյալ քննարկման ժամանակ ի շահ անդամ ընկերությունների պահանջների ԳՏՄ վարչական խորդհրդի նախագահ Ա. Մարգարյանը առաջարկեց անդամներին ևս ներգրավել կազմակերպվելիք միջոցառումների թեմաների ընտրության մեջ: Այս եղանակավ կառաջարկվեն լուծումներ վերջիններիս մոտ ծառացած խնդիրների համար, անհրաժեշտության դեպքում նաև հարցը կբարձրաձայնվի նախարարության մակարդակով: Երկրորդ հատվածում անդամները Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի հետ նախատեսվելիք առաջիկա միջոցառման համար առաջարկեցին թեմաներ։Քվեարկության արդյունքում անդամների մեծ մասը նախընտրեցին կրթության թեման (17 կողմ ձայն): Նիստի ավարտին ԳՏՄ գործադիր տնօրեն Մերի Նավասարդյանը և վարչական խորհրդի նախագահ Արտաշես Մարգարյանն իրենց շնորհակալական խոսքն ուղղեցին բոլոր ներկաներին՝ վստահաբար նշելով, որ 2022 թ.-ը ԳՏՄ-ի համար նորովի զարգացման տարի կլինի, իհարկե, միմիայն անդամների կողմից մշտական աջակցության շնորհիվ:
Ձեռնարկատիրական իրավունքը Գերմանիայում

Դեկտեմբերի 21֊ին Գերմանական տնտեսական միավորման և Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Ձեռնարկատիրական իրավունքը Գերմանիայում» խորագրով սեմինար֊վորկշոփը։ Ողջույնի խոսքով հանդես եկան Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի հայաստանյան ծրագրերի համակարգող Ամալիա Վուքերտը և Գերմանական տնտեսական միավորման գործադիր տնօրեն Մերի Նավասարդյանը։ Միջոցառման առաջին հատվածում փաստաբան Լիլիթ Կարապետյանը (Կոնցեռն Դիալոգ փաստաբանական գրասենյակ) ներկաներին ծանոթացրեց Հայաստանում ձեռարկությունների կազմաիրավական ձևերին, առավելություններին և տարբերություններին։ Հաջորդիվ ելույթ ունեցավ Կրյոմեր / Շթեգեր / Վեստեոֆ փաստաբաններ Դյուսելդորֆ փաստաբանական գրասենյակների փաստաբան Ռոգեր Շաքը, որի կողմից ներկայացվեցին «Ընկերությունների հնարավոր կազմակերպաիրավական ձևերը Գերմանիայում», այն է թե՝ Կազմակերպաիրավական ձևերի առավելություններն ու թերությունները, Կազմակերպաիրավական ձևերի դասակարգումը ։ Ելույթներին հաջորդեց ակտիվ հարց և քննարկում ներկաների և բանախոսների միջև։ Միջոցառման երկրորդ հատվածում Ռոգեր Շաքը ելույթ ունեցավ «Ընկերության հիմնում և կառավարում» թեմայով։ Փաստաբանի կողմից հանգամանալից վեր հանվեցին այն հիմնավոր և կարևոր կետերն ու դրույթնորը, որոնց անհրաժեշտ է առանձնակի ուշադրություն դարձնել ընկերության հիմնումից առաջ և հետո։ Միջոցառման ավարտին ներկաներին շնորհվեցին մասնակցությունը փաստող վկայականներ։
GET/Berlin Economics-ը աջակցում է ՀՀ ֆինասների նախարարությանը իր փորձագիտական թիմով՝ էլեկտրոնային գնումների գործընթացի ներդրման կատարելագործման հարցում

DWV-ի անմիջական աջակցությամբ՝ դեկտեմբերի 9-ին BE իր փորձագետների հետ կրկին Հայաստանում էր՝ ներկայացնելու Գերմանիայի և Ուկրաինայի լավագույն փորձը՝ էլեկտրոնային գնումների համակարգի ներդրման, կիրառման առանձնահատկությունների հարցում։ Ըստ ՀՀ ֆինանսների նախարարության հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածությունների, սեմինար-վորկշոփի ընթացքում փորձագետները ներկաներին ծանթացրեցին գնումների գործընթացներին վերաբերող ամենատարբեր հարցերին`տեխնիկական կարգավորումներից ընդհուպ մինչև բովանդակային առանձնահատկություններ։ Նախատեսվում են հաջորդական այցեր և քննարկումներ փորձագիտական շրջանակում։
Հայաստանի տնտեսական հեռանկարները

Հոկտեմբերի 14-ին Արմենիա Մարիոթ հյուրանոցում տեղի ունեցավ «Հայաստանի տնտեսական հեռանկարները» խորագրով տեղեկատվական միջոցառումը։ Միջոցառման ընթացքում Գերմանիայի տնտեսական թիմի ներկայացուցիչները, ղեկավար պրն․ Ռիկարդո Ջյուչիի գլխավորությամբ, ներակայացրեցին 2021 թ․ երկրորդ կիսամյակի ՀՀ տնտեսական ցուցիչները, աճի հեռանկարները և ընդհանուր վիճակագրական տվյալներ։ Մեր երկրի համար փորձագետները 2021թ-ին կանխատեսում են 5,5% տնտեսական աճ, որը ,թերևս, կապվում է խորհրդարանական ընտրությունների արդյունքերի հետ։ Ի հակադրություն այս ամենի՝ ֆինանսների նախարարությունը կանխատեսում է ՀՆԱ-ի նվազում մինչև 2,1% ։ Տնտեսական աճի համար առանձնակի խթան է հանդիսանում հանքարդյունաբերության, մասնավորապես՝ մետաղների զարգացման և արտահանման գործոնը։ Այնինչ զբոսաշրջության գնալով նվազող տեմպերը իրենց հետքն են թողնում տնտեսական ցուցիչների վրա։ Ըստ փորձագետների, ցուցանիշների նվազման միտումը նկատվել է այսպես կոչված քովիդյան շոկի և պատերազմի արդյունքում։ Պատվիրակության 4-օրյա այցի ընթացքում, ԳՏՄ-ի գործադիր տնօրեն տկն․ Նավասարդյանի ուղեկցությամբ հանդիպումներ տեղի ունեցան ՀՀ ֆին․ նախարար պրն․ Տ․ Խաչատրյանի, Էկոնեմիկայի փոխնախարար՝ պրն․ Ռաֆայել Գևորգյանի, ինչպես նաև փոխվարչապետի խորհրդական՝ տկն․ Ա․ Բաբայանի հետ։ Գերմանական տնտեսական թիմը, Բեռլին Էքոնոմիքսը այցը գնահատեցին արդյունավետ։ Կառավարության անդամներին առաջարկներ արվեց նաև անհրաժեշտ ոլորտներում ընդգրկել նոր փորձագետների և տրամադրել մասնագիտական խորհրդատվություն։ Առանձնակի կարևորության է արժանի հանդիպումը Եվրամիության դելեգացիայի ղեկավար Անդրեա Վիկտորինի հետ։ Փորձագետների այցի նպատակն էր խոսել 2021-ի մակրոտնտեսական կանխատեսումների մասին, ներկայացնել 2020-ի ներդրումային դաշտի վերաբերյալ հետազոտությունը, քննարկել ապագա տնտեսական կանխատեսումներին վերաբերող հարցեր։ Գերմանական տնտեսական թիմի այցի ընթացքում պատիվ ունեցանք ծանոթանալ նաև GET-հայաստանյան նոր ներկայացուցիչ Էմիլի Հետչելի հետ: Կազմակերպվեց առանձին հանդիպում և բիզնես-ընթրիք ԳՏՄ նախագահության անդամների և խորհրդատվական մարմնի անդամների հետ, որի ընթացքում կողմերը փոխանակվեցին հետագա համագործակցության նոր գաղափարներով:
“Be my Guest” Effect Group-ում

Սեպտեմբերի 23-ին “Be my Guest ” նախաձեռնության շրջանակներում ԳՏՄ-ն հյուրընկալվեց Effect Group-ում (Shen Holding)։ Երեք շաբաթ շարունակ SES (Senior Experten Service) նախաձեռնության շրջանակներում, ի շնորհիվ ԳՏՄ ներկայացուցչության, Effect Group-ում իր փորձագիտական ծառայությունն էր մատուցում SES-փորձագետ պրն Յանոշ հայասը։ Effect Group-ը հանդիսանում է շինանյութերի արտադրության շուկայի առաջատարներից ոչ միայն Հայաստանում, այլև ողջ տարածաշրջանում։ Ընկերությունը մշտապես մեծ աշխատանքներ է տանում արտադրանքի որակի բարձրացման և վերահսկման ուղղությամբ, և SES-փորձագետի այցն իր անփոխարինելի դերն է ունեցել այս հարցում։ Պարոն հայասը ներկանյութերի արտադրության ոլորտում բազմամյա փորձ ունեցող մասնագետ է և իր փորձագիտական ծառայություններն է մատուցել Կենտրոնական և Արևելյան Ասիայի մի շարք երկրներում։ Այս անգամ փորձագետի նպատակային երկիրը Հայաստանն էր։ Effect Group-ի տնօրեն Մինաս Ժամակոչյանը և SES-փորձագետը երկուստեք բարձր գնահատեցին SES ներդրումային ծրագրի արդյունավետությունը և հավաստիացրին, որ համագործակցությունն, անշուշտ, կշարունակեն նաև հետագա տարիներին։ ԳՏՄ գործադիր տնօրեն Մերի Նավասարդյանը և նահագահության անդամ Աղասի Ավետիսյանը կարևորեցին SES նախաձեռնության նշանակությունը հայ-գերմանական կապերի զարգացման, փորձի փոխանակման և կայունության պահպանման հարցում։