Վեբինար Hannoverimpuls-ի հետ

Մայիսի 13-ին Գերմանական տնտեսական միավորումն իր գործընկեր Hannoverimpuls-ի հետ միասին միավորման անդամների համար կազմակերպել էր վեբինար «Հաննովերի շրջան — Ձեր բիզնեսի դարպասը դեպի գերմանական և եվրոպական երկրների շուկաներ» խորագրով։ Վեբինարի առաջին հատվածում Հանովերիմպուլսի մեր գործընկերները Գերմանական տնտեսական միավորման անդամներին ներկայացրեցին Հանովերի շրջանը, վերջինիս առավելություններն ու կարևորությունը այնտեղ բիզնեսն ընդլայնելու համար։ Ներկաները ծանոթացան Հանովերում գործող խոշոր ընկերությունների ցանկին, ստացան տեղեկատվություն տեղի ավելի ակտիվ ոլորտների մասին։ Վեբինարի երկրորդ հատվածն արդեն Հանովերում բիզնես մեկնարկելիս ընկերությունների համար առկա հնարավորությունների մասին էր, որը ներառում է ինչպես խորհրդատվություն գործընթացի տարբեր փուլերում, այնպես էլ ֆինանսական տարբեր աջակցություններ բիզնեսը Հանովերում ընդլայնելու համար։ Վեբինարի վերջին հատվածում նախատեսված էր հարց ու պատասխանի փուլ, որի ընթացքում մասնակիցները տվեցին իրենց հետաքրքրող տարբեր հարցեր հարկային համակարգի, գործընթացի ձեռնարկման մասին։
Be My Guest միջոցառումը A.B. Med-ում

Be My Guest միջոցառումների շրջանակում Գերմանական տնտեսական միավորման անդամները ապրիլի 30-ին այցելեցին միավորման անդամ A.B. Med-ընկերությունը։ Միջոցառումն առանձնահատուկ էր նրանով, որ այն թերևս մեր առաջին Be My Guest միջոցառումն էր բժշկական ոլորտում գործող ընկերությունում։ Մեր այցի ընթացքում A.B. Med ընկերության հիմնադիր տնօրեն Արամ Արամյանը ծանոթացրեց ներկաներին ընկերության հիմնադրման պատմությանը, գործունեությանն ու առաքելությանը։ Շրջայցի ընթացքում մեր անդամները ծանոթացան լաբորատորիայի կառուցվածքին, տարբեր բաժիններին, ստացան կարևոր տեղեկատվություն լաբորատորիայի աշխատանքի, անցկացվող հետազոտությունների, գործող ժամանակակից սարքավորումների, դրանց աշխատանքի վերաբերյալ։ Առանձնահատուկ նշվեց այն մասին, որ լաբորատորիայում առկա որոշ ժամանակակից սարքավորումներ ձեռք են բերվել GIZ-ի օգնությամբ։ Այդ ամենից զատ մենք ծանոթացանք նաև աշխատանքային պայմաններին, ինչպես նաև տեղեկացանք աշխատակիցների համար նախատեսված վերապատրաստումների և դասընթացների մասին։ Հանդիպման վերջում ներկաները ստացան փոքր նվեր զեղչի տեսքով, որը նախատեսված է A.B. Med-ի լաբորատոր ծառայություններից օգտվելու համար։
Աշխատաժողով ՀՀ էներգետիկ ոլորտի վերաբերյալ

Ապրիլի 17-ին և 18-ին Գերմանական տնտեսական միավորման գործընկեր Berlin Economics-ը, ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և գերմանական հայտնի Fichtner ընկերության հետ համատեղ, կազմակերպել էր Էներգետիկ ոլորտի վերաբերյալ երկօրյա աշխատաժողով Ալեքսանդր հյուրանոցում։ Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակով Վարդանյանը, Fichtner ընկերության Նորարական էներգիաների, էներգետիկ տնտեսության և շրջակա միջավայրի գործադիր տնօրեն Մարտին Շտիկելը, Fichtner ընկերության այլ ներկայացուցիչներ, Գերմանական տնտեսական թիմի (Berlin Economics) Հայաստանի համար պատասխանատու Դմիտրի Շերվիակովը, ավագ փորձագետ Պավել Բիլեկն ու վերլուծաբան Դանիել Զոսան, Գերմանական տնտեսական միավորման գործադիր տնօրեն Մերի Նավասարդյանն ու ՀՀ էներգետիկ ոլորտը ներկայացնող տարբեր ընկերությունները։ Երկօրյա աշխատաժողովի ընթացքում քննարկվել են էներգետիկ ոլորտից տարբեր թեմաներ, ինչպիսիք են՝ էներգիայի արտադրությունն ու պահեստավորումը, հիդրոէներգիան, վերականգնողական էներգիան, ջրածնային էներգիան և այլն։
ԳՏՄ անդամներ՝ Շնայդեր Գրուպ

Մեր՝ «DWV members: Growing Together» տեղեկատվական շարքի շրջանակում այսօր ձեզ ենք ներկայացնում Շնայդեր Գրուպը։ 2023 թվականից սկսած Շնայդեր Գրուպը աջակցել է միջազգային ընկերություններին մուտք գործելու, հաստատվելու և ընդլայնվելու Արևելյան Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի և Կովկասի երկրների շուկաներում։ Որպես կամուրջներ կառուցող Արևմուտքի և Արևելքի միջև՝ Ուլֆ Շնայդերը հիմնադրեց իր ընկերությունը իր առջև ունենալով նպատակ՝ դյուրին դարձնել միջազգային ընկերությունների մուտքը տվյալ տարածաշրջանների շուկաներ։ Շնայդեր Գրուպի պորտֆոլիոն ներառում է ծառայությունների լայն փաթեթ՝ շուկայի վերլուծությունից և գործընկերների որոնումից մինչև համապարփակ հաշվապահական աջակցություն, իրավական և հարկային խորհրդատվություն, բիզնես գործընթացների արդյունավետության վերլուծություն և օպտիմալացում՝ հիմնված լավագույն թվային լուծումների վրա: Ընկերությունը հոգում է բոլոր կողմնակի, ոչ հիմնային խնդիրների համար, որպեսզի իրենց հաճախորդները կարողանան ամբողջությամբ կենտրոնանալ բիզնես զարգացման վրա։ Շնայդեր Գրուպն ունի գրասենյակներ Հայաստանում, Ավստրիայում, Բելառուսում, Գերմանիայում, Վրաստանում, Ղազախստանում, Ղրղզստանում, Լիտվայում, Մոլդովայում, Լեհաստանում, Ռուսաստանում, Ուկրաինայում և Ուզբեկստանում։ Վստահելի, ուժեղ և դինամիկ՝ այս ամենը Շնայդեր Գրուպի մասին է։ Մանրամասն տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ ստորև ներկայացված պրեզենտացիաներում. Շնայդեր Գրուպ ընկերության պրոֆիլ Շնայդեր Գրուպ պրեզենտացիա
ՀՀ տնտեսական մոնիթորինգ

Փետրվարի 29-ին տեղի ունեցավ Գերմանական տնտեսական միավորման և «Բեռլին Էկոնոմիկսի» համատեղ միջոցառումը «ՀՀ տնտեսական մոնիթորինգ» խորագրով։ Միջոցառումը նախատեսված էր Գերմանական տնտեսական միավորման անդամ-կազմակերպությունների և գործընկերների համար։ Հանդիպմանը ողջույնի խոսքով հանդես եկավ Գերմանական տնտեսական միավորման գործադիր տնօրեն Մերի Նավասարդյանը, որից հետո «Բեռլին Էկոնոմիկսի» վերլուծաբան Դմիտրի Չերվյակովը մասնակիցների ներկայացրեց 2023 թվականի ՀՀ տնտեսական պատկերի վերլուծությունը, խոսվեց տարբեր մարտահրավերների, ինչպես նաև 2024 թվականին ակնկալվող զարգացումների ու ցուցանիշների մասին։ Պրեզենտացիայից հետո պարոն Չերվյակովը պատասխանեց ներկաների բոլոր հարցերին։
Հանդիպում Կոնրադ Ադենաուեր հիմնադրամում

Փետրվարի 28-ին Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի հայաստանյան գրասենյակը հյուրընկալել էր Հայաստանում Գերմանական Տնտեսական միավորման անդամ հանդիսացող բիզնես ոլորտի մի շարք ներկայացուցիչների՝ ինֆորմատիվ և ճանաչողական բնույթ կրող միջոցառման շրջանակներում։ Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի հարավկովկասյան տարածաշրջանային ծրագրի ղեկավար Շտեֆան Մալերիուսը ներկայացրեց հիմնադրամի գործունեությունը Հարավային Կովկասում և Հայաստանում իրականացվող միջոցառումները։ Քննարկվեցին ինչպես ԿԱՀ-ի առաջնահերթություններին վերաբերող, այնպես էլ Հայաստանում բիզնես ոլորտի մարտահրավերներին և զարգացման հեռանկարներին առնչվող մի շարք հարցեր։
Գերմանական տնտեսական միավորման տարեմուտի ընդունելություն

Փետրվարի 8-ին տեղի ունեցավ Գերմանական տնտեսական միավորման տարեմուտի ընդունելությունը։ Միջոցառմանը հրավիրված էին միավորման անդամ-ընկերությունները, վարչական խորհրդի և խորհրդատվական մարմնի ներկայացուցիչները, ինչպես նաև ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունից և այլ գերմանական կազմակերպություններից գործընկերներ։ Միջոցառմանը բացման խոսքով ելույթ ունեցան միավորման գործադիր տնօրեն Մերի Նավասարդյանն ու միավորման վարչական խորհրդի նախագահ Արտաշես Մարգարյանը։ Տիկին Նավասարդյանը ներկայացրեց ներկաներին Գերմանիա կատարած իր գործնական այցից որոշ մանրամասներ։ Միջոցառման ընթացքում խոսվեց նաև Գերմանիայում տեղի ունեցող կարևոր ցուցահանդեսների, ինչպես նաև SES (Ավագ փորձագետների ծառայություն) ծրագրի մասին։ Առանձին ելույթով հանդես եկավ նաև Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության փոխդեսպան Էրիկ Թինտրուպը։Փոքր հյուրասիրությունից հետո ելույթներով հանդես եկան նաև նաև Գերմանական տնտեսական միավորման որոշ նոր անդամ-ընկերություններ, այդ թվում Խաչատուրով Գրուպը («Լիբհեռ» ընկերության ներկայացուցիչ ), Զիգզագ, Էլ Էլ Քոնսալթինգ, Զանգակ Գրատուն, Այ Այ Սեկ ընկերությունները։Անչափ շնորհակալ ենք մեր անդամներին ներկայության և ակտիվ մասնակցության համար։ Վստահ ենք, որ նման միջոցառումները ունենալու ենք շարունակական բնույթ։
Գերմանական տնտեսության արևելյան հանձնաժողովի տարեմուտի ընդունելություն

Գերմանական տնտեսական միավորման գործադիր տնօրեն Մերի Նավասարդյանը հունվարին գործնական այցով մեկնել էր Գերմանիա։ Գերմանիայի Դաշնային Հանրապետության Էկոնոմիկայի և կլիմայի նախարարությունում, Գերմանիայում Հայաստանի Հանրապետության դեսպանությունում հանդիպումներից, ինչպես նաև գերմանացի գործընկերների հետ հանդիպումներից զատ տիկին Նավասարդյանը հրավիրված է եղել մասնակցելու նաև Գերմանական տնտեսության արևելյան հանձնաժողովի տարեմուտի ընդունելություն։ Միջոցառմանը հրավիրված էին տարբեր երկրների դեսպաններ, կառավարության ներկայացուցիչներ, գերմանական տարբեր ընկերությունների գործադիր տնօրեններ։ Միջոցառման հիմնական բանախոսներից մեկը Գերմանիայի Դաշնային Հանրապետության Ֆինանսների նախարար Քրիստիան Լինդներն էր։ Հանդիպմանը իր ելույթից հետո ֆինանսների նախարարը պատասխանեց ներկաների հարցերին։
«Կանաչ Շաբաթ» Բեռլին 2024

2024 թվականի հունվարի 19-ից Բեռլինում մեկնարկեց «Կանաչ շաբաթ» ամենամյա միջազգային ցուցահանդեսը։ Ցուցահանդեսի պաշտոնական բացմանը հրավիրված էին տարբեր երկրների Էկոնոմիկայի, Գյուղատնտեսության նախարարություններից ներկայացուցիչներ: Հայաստանից պատվիրակությունը, ինչպես նաև Գերմանական տնտեսական միավորման գործադիր տնօրեն Մերի Նավասարդյանը նույնպես ներկա էին միջոցառմանը: Բացման արարողությանը ելույթ ունեցավ նաև Գերմանիայի Դաշնային Հանրապետության պարենի և գյուղատնտեսության նախարար Ջեմ Օզդեմիրը։ Տոնավաճառին ՀՀ էկոնոմիկայի նախարարության արտահանման խթանման միջոցառումների ծրագրի շրջանակներում Հայաստանը հանդես եկավ միասնական տաղավարով։ Հայկական տաղավարում ներկայացված է գյուղատնտեսության, սննդարդյունաբերության և խմիչքի արտադրության ոլորտը ներկայացնող 31 հայկական ընկերության արտադրանք։ Ընդհանուր առմամբ, միջոցառմանը մասնակցում էր շուրջ 1700 ներկայացուցիչ 68 երկրից, նախատեսվում է ավելի քան 420000 այցելու ամբողջ աշխարհից։
Վահան Քերոբյանը Գերմանիայում հանդիպել է ԳԴՀ Տնտեսական զարգացման և համագործակցության նախարարության պետքարտուղարի հետ

Նախարար Վահան Քերոբյանը հունվարի 18-ին Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում հանդիպել է ԳԴՀ Տնտեսական զարգացման և համագործակցության նախարարության պետքարտուղար Նիլս Աննենի հետ։ Հանդիպմանը ներկա է եղել նաև Գերմանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ենգիբարյանը։ Կողմերը քննարկել են բանակցությունների արդյունքում ձեռքբերված պայմանավորվածություններն ու դրանց իրականացման ընթացքը։ Վահան Քերոբյանը գերմանացի գործընկերոջը ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը՝ մատնանշելով ընձեռնվող տնտեսական և կապուղիների զարգացման հնարավորությունները։ Զրույցի ընթացքում ՀՀ էկոնոմիկայի նախարարը Նիլս Աննենին ներկայացրել է նաև Գյումրիում «չոր նավահանգստի» կառուցման նախագիծը։ Աղբյուր։ ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն